«Եռյակի առաջնորդների հանդիպման հետ կապված` այս պահի դրությամբ ես դեռևս հստակ տեղեկատվություն չունեմ, բայց այդ ձևաչափով հանդիպումների անցկացման հետ կապված որևէ խնդիր չկա»,- այս մասին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե այս շաբաթ նախատեսված է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:
Իվետա Տոնոյանի խոսքով՝ ցանկացած պահի եռյակի առաջնորդները կարող են հանդիպել:
Իսկապես, զուտ հանդիպման կազմակերպման առումով խնդիր լինել չի կարող, սակայն, որպեսզի այն ինքնանպատակ չլինի, նաև հասարակությանը մատուցելու նյութ ունենան, հանդիպումը պետք է օրակարգ ունենա, այնպիսին, որը քիչ թե շատ միասնական լինի:
Եռյակի խորհրդարանական ներկայացուցիչները համեստորեն լռում են. նրանցից շատերին հասարակությունը վերջին անգամ տեսել է հոկտեմբերի 24-ին, Ազատության հրապարակի հարթակում: Նրանց լռության ֆոնին սոցցանցերում ակտիվ «հեղափոխական» պայքար են տանում կուսակցական միջին օղակի ներկայացուցիչները: Բայց նրանց շեշտադրումներում մի կարևոր սրբագրում է տեղի ունեցել. խոսվում է ոչ այնքան եռյակի միասնականության կամ ԲՀԿ-ի, որքան Գագիկ Ծառուկյանի լիդերության ու նրա ֆենոմենի մասին: Կարծում եմ՝ շուտով քաղաքական ձևականությունները մի կողմ կդրվեն, ու արդեն բոլորը բացահայտ կխոսեն ոչ թե եռյակի, այլ Գագիկ Ծառուկյանի հանրահավաքի կամ շարժման մասին:
Ինչևէ, տարօրինակ է, որ «հաղթական» հանրահավաքին չի հաջորդել եռյակի հանդիպում որևէ ձևաչափով՝ խորհրդարանական մակարդակում կամ լիդերների միջև:
Սա խոսում է այն մասին, որ երեք կուսակցությունների հակասություններն այնքան են հասունացել, որ անգամ դժվարություններ են առաջացել միասնական հանրահավաքի հրավիրման, դրա օրվա հստակեցման հետ կապված:
Եռյակի գործիչներն անընդհատ ասում են, որ տարբեր հարցերում հակասությունները բնական են, այլապես իրենք մեկ կուսակցություն կլինեին:
Լավ, համարենք, որ սա բնական է ու, ի վերջո, եռյակը ոչ թե գաղափարական, այլ տեխնոլոգիական դաշինք է, որից պետք է պահանջենք ոչ թե երկրի զարգացման միասնական հայեցակարգ, այլ իշխանափոխություն:
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ հենց իշխանափոխության հարցում կան էական հակասություններ՝ դրա իրականացման ու ժամկետների հետ կապված:
Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմի հայացքն ակնհայտորեն ուղղված է 2017-2018-ին: Հենց այս համատեքստում էլ՝ խորհրդարանական կառավարման կողմնակից ԲՀԿ-ն ընդդիմանում է սահմանադրական փոփոխություններին, որովհետև ունի նախագահի թեկնածու: ՀԱԿ-ը գուցե չի ընդդիմանում Ծառուկյանի նախագահական հավակնություններին, սակայն հասկանում է, որ եթե բանը հասավ խորհրդարանական հերթական ընտրություններին, ինքը զրկվելու է խմբակցություն ունենալու հեռանկարից: Տեր-Պետրոսյանի թիմը, իրադարձությունների նման զարգացման դեպքում, կարող է, լավագույն դեպքում, մի քանի անցողիկ տեղ ակնկալել ԲՀԿ ցուցակում:
«Ժառանգության» օրակարգի մասին դատողություններ անելը դարձել է անշնորհակալ գործ:
Այս խճանկարում իսկապես անիմաստ է հանրահավաք անցկացնելը, մանավանդ որ մարդկանց «բերման ենթարկելու» համար բարենպաստ եղանակային պայմաններ էլ չկան:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ